Անկարանում Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն սկսել է 24-օրյա բողոքի երթ՝ կուսկացության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի բանտարկության դեմ:
Թուրքական ընդդիմությունը սկսել է բողոքի 24-օրյա երթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Hyurriet-ի փոխանցմամբ՝ երթը մեկնարկել է այսօր Անկարայում ՝ Գյունվեն պուրակում։ Ընդդիմադիրը մտադիր է հասնել Ստամբուլ։ Երթի մասնակիցները 450 կմ երթուղի են անցնելու։ Քիլիչդարօղլուի հաշվարկներով 24 օր է պահանջվելու Ստամբուլ հասնելու համար։ Միաժամանակ նրա կուսակիցները բողոքի ակցիա են անցկացնում Թուրքիայի 81 նահանգներում։
Երթից առաջ Քիլիչդարօղլուն նշել է, որ ԺՀԿ-ն չի ուզում, որ երկրում բանտ նետեն լրագրողներին ու պատգամավորներին։ «Մենք բախվել ենք բռնապետական ռեժիմի հետ։ Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ չկա արդարություն։ Մենք ասում ենք ՝ բավական է։ Դրա համար էլ մենք սկսում ենք երթ»,- ասել է նա։
Էնիս Բերբերօղլուն դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ՝ պետական գաղտնիքի բացահայտման համար։ Հավաստիացնում են, որ նա մամուլին փոխանցել է տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես է Թուրքիայի ազգային հետախուզությունը զենք մատակարարում Սիրիա։