Արցախից Երևան տեղափոխված վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Բեկորային վնասվածքներ, այրվածքներ աչքի շրջանում. Կամավոր Խաչատրյանը մանրամասներ է ներկայացնում վիրավոր զինվորների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, զինվորներից մեկը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է: Նա ստացել է մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, ունի նաև գլխուղեղի վնասվածք: Ամեն դեպքում, գիտակցությունը տեղն է, իր հետ խոսել եմ, հիշում է կատարվածը: Մյուս զինվորը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է, նա ստացել է աչքի վնասվածք, կան այրվածքներ: Համապատասխան հետազոտություններից և բուժումից հետո պարզ կլինի, թե որքանով է տեսողությունը վնասվել: Ամեն դեպքում, երկուսի առողջական վիճակը կայուն է, այս պահին կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
Հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):