Ադրբեջանն իր ոչ կառուցողական մոտեցումներով իրավիճակն անընդհատ պահում է փակուղում:
Հայկական կողմի պատասխան գործողությունները երկար սպասեցնել չեն տա. Քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացվող քաղաքականությունը, նշել է քաղաքագետ, ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Աֆրիկյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանն ինտենիսիվ զորավարժություններ է իրականացնում հրապարակայնորեն ի ցույց դնելով իր մտադրությունը՝ հարմար պահի վերսկսել ռազմական գործողությունները:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր ուղղեն իրավիճակի կայունության համար, հակառակ դեպքում իրավիճակը կտրուկ կսրվի»,- նշել է Ժ. Աֆրիկյանը:
Քաղաքագետի համոզմամբ, հայկական կողմերի դիրքորոշումն ստեղծված իրավիճակում պետք է լինի առավել կոշտ, հակառակ դեպքում Ադրբեջանը նոր սադրանքներ կհրահրի:
«Արցախում արդեն հայտարարել են, որ ադրբեջանական սադրանքներն անպատասխան չեն մնա: Նախորդող ժամանակահատվածում ականատես ենք եղել Արցախի զինուժի կողմից կոշտ միջոցների ձեռնարկման: Չեմ կարծում, թե հայկական կողմի գործողություններն իրենց սպասեցնել կտան»,- հավելել է Ժ. Աֆրիկյանը: