Վրաստանում քննարկվել է հայկական գյուղմթերքի բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը:
Վրաստանում քննարկվել է հայկական գյուղմթերքի բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Սննդի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝ Սննդամթերքի ազգային գործակալության, պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:
Քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման կազմակերպումն էր «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաեւ արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու եւ վարչարարությունը նվազեցնելու հարցին, եւ, այս համատեքստում, կարեւորվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի աշխատանքը: Եղիշե Մարգարյանը ծանոթացել է թե այս համակարգի գործարկման վրացական փորձին, թե Սննդամթերքի ազգային գործակալության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու հնարավորություններին. համանման ծառայություն գործում է նաեւ Հայաստանի ՍԱՊԾ-ում:
Հանդիպում է տեղի ունեցել նաեւ «Վերին Լարս»-ի ՌԴ սահմանային անցակետում՝ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասնագետների հետ. այստեղ նույնպես բարձրացվել է հայկական գյուղմթերքն առաջնահերթ փաստաթղթավորելու եւ բաց թողնելու հարցը»: