«Արցախգազ» ՓԲ ընկերության բոլոր բաժանորդներն այսուհետ կարող են սպառած բնական գազի դիմաց վճարումներն իրականացնել նաև առցանց՝ օգտվելով pay.artsakhgaz.am կայքից:
«Արցախգազ»-ը սպառած բնական գազի դիմաց վճարումների նոր՝ առցանց միջոց է առաջարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» ՓԲ ընկերության մամլո ծառայության պատասխանատու Մհեր Իսրայելյանը: «Հոգալով մեր բաժանորդների ժամանակի և մատուցվող ծառայությունների մատչելիության մասին՝ վերջերս հանդես եկանք հերթական նորարական գաղափարով: Այսօր այլևս անհրաժեշտ չէ կտրվել առօրյա աշխատանքից, գնալ բանկ, հերթ կանգնել՝ սպառած բնական գազի դիմաց վճարում կատարելու համար: Այլ պարզապես բավական է այցելել pay.artsakhgaz.am կայքի հասցեով, և համակարգչային մկնիկի մի քանի հպումով Ձեր վճարումը կիրականացվի»,- ասել է Մ. Իսրայելյանը և հավելել, որ Ընկերության կողմից սա շատ կարևոր քայլ էր՝ ուղղված մատուցվող ծառայությունների մատչելությունը ապահովելուն և գումարների հավաքագրման մակարդակը էլ ավելի բարձրացնելուն:
Ընկերության մամուլի պատասխանատուն հավաստիացրեց, որ նախքան բաժանորդի դատին հանձնելը նոր համակարգը հաջողությամբ անցել է փորձարկման թեստային փուլը: Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտը հնարավորություն է ընձեռում ավտոմատ կերպով լուծել բազմաթիվ հարցեր: Ընկերությունը ուշի ուշով հետևում, ուսումնասիրում է դրանք՝ ըստ անհրաժեշտության՝ բնագավառում ներդնելու և կրառելու նպատակով: