Եթե հող մշակողների ծախսերի գերակշիռ մասը պետական աջակցության շրջանակներում է կատարվում, այդ նույն հողօգտագործողից մենք չենք կարող առանձին ապահովագրական վճար պահանջել:
Հողօգտագործողների վնասների փոխհատուցման հարցը քննարկման փուլում է. ԱՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ՝ հունիսի 28-ին, կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:
Նա, մասնավորապես, ասել է. «Ապահովագրություն ունենալու համար մենք պետք է ապահովագրական վճար գանձենք, իսկ մեր հողօգտագործողները, ֆերմերները այսօր պատրաստ չեն վճարելու: Եթե դա վճարեն, ապա մենք պետք է լրացուցիչ ավելացնենք պետական աջակցությունը, և դա նշանակում է պետական ապահովագրություն, ինչն այսօր իրականում անում ենք: Ես կողմ են ունենալ զարգացած ապահովագրական համակարգ, սակայն դա երկար փուլային աշխատանք է պահանջում: Կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում չկա մոդել, որ մենք վերցնենք: Ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, վերջում կանգնել ենք պետական ապահովագրական համակարգի տարբերակի առաջ: Իսկ հայեցակարգը, որը քննարկման փուլում է, իր մեջ փաստացի պարունակում է այդ ապահովագրական մեխանիզմը՝ ոչ թե ապահովագրական ընկերության տեսքով, այլ՝ պետությունը ապահովագրի վնասները»:
Անդրադառնալով կարկտահարության վերջին դեպքերի հետևանքներին՝ վարչապետը նշել է. «Հողօգտագործողների վնասների փոխհատուցման հարցը քննարկման փուլում է, որպեսզի կարողանանք աջակցել նրանց հետագա գործունեությունը կազմակերպելու հարցում: Նախնական քննարկումներ եղել են, և այդ մասով կա Նախագահի հանձնարարականը»: