Ադրբեջանը չի հերքում, որ հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգտագործել է միջազգային կոնվենցիաներով անթույլատրելի զինատեսակներ, այդ թվում, ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանք:
ԵԽԽՎ-ում պատրաստ ենք քննարկել ոչ միայն երեկվա, այլեւ ապրիլյան պատերազմի վայրագությունները. Նաիրա Զոհրաբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարությունը, թե աշնանային նստաշրջանում բարձրացնելու են հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ոչ միայն երեկվա, այլեւ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունները. Թալիշում հայ ընտանիքի գլխատման եւ գնդակահարության, հայ զինծառայողի գլխատման, դպրոցի ճանապարհին 12-ամյա հայ երեխայի գնդակահարության դեպքերը: Ինքս որպես մայր, պատգամավոր ցավում եմ, որովհետեւ ինձ համար երեխան երեխա է, ես չեմ ուզում, որ հայ եւ ադրբեջանցի երեխաները զոհվեն, բայց լինենք անկեղծ, նույն Ադրբեջանն է, որ համառորեն հրաժարվում է հետաքննության մեխանիզմներ ներդնելուց, հարց եմ տալիս ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովին, ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում: Պատասխանը հետեւյալն է՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ քննության արդյունքում եւս մեկ անգամ հաստատվելու է Ադրբեջանի նախահարձակ եւ ագրեսոր լինելը: Մենք պատրաստ ենք քննարկման եւ ունենք բոլոր փաստերը, որ Ադրբեջանը գործում է «Իսլամական պետության» ոգով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Բացի դրանից, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը կարծում է, որ Ադրբեջանն այս կերպ փորձելու է ստվերել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ ուղղված փաստաթղթերի քննարկումները: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը. «Չմոռանանք, որ արդեն իսկ գործում է անկախ հետաքննող մարմինը, որը քննարկելու է կոռուպցիոն հայտարարությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են Ադրբեջանին, ուղղված են իրենց երկրի դեմ: Եվ ոչ միայն աշնանային նստաշրջանում, այլեւ այսուհետ բոլոր նստաշրջաններում Ադրբեջանի անունը դեռ շատ է հնչելու»:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղի մոտ տեղակայված դիրքերից Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Արցախի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին եւ 2-ամյա աղջիկ: Դեռեւս անհայտ է, նրանք մահացել են Արցախի զինուժի պատասխան հարվածների՞ց, թե Ադրբեջանի զինուժն ինքն է հրետակոծել սեփական գյուղը: