Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին անդրադարձել է հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով առաջացած լարվածությանը:
Ողջ Արևմուտքը կոչ է անում գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը. Լեհաստանի դեսպանը՝ ԼՂ զարգացումների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ զրույցում դեսպանը հղում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Նրանք կոչ են արել վերադառնալ հարցի խաղաղ քննարկումներին: Ուրիշ ի՞նչ մենք կարող ենք ասել: Ողջ Արևմուտքը կոչ է անում գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը»,- ընդգծեց դեսպանը: Դիտարկմանը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութն ապացուցում է, որ առաջինն ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական ընդհանուր հայտարարությունն են տարածել, դեսպանը պատասխանեց. ««Զենքերի երկխոսության» պայմաններում մենք պետք է որքան հնարավոր է չափավոր լինենք մեր հայտարարություններում, քանի որ ընդամենը մեկ անզգույշ խոսքը կարող է իրապես վտանգավոր լինել: Դա կարող է վտանգավոր լինել ոչ թե դեսպանների հաջորդ ընթրիքի համար, այլ խաղաղ բնակիչների կյանքի համար: Դիվանագետների մեկնաբանությունները պետք է ծայրահեղ չափավոր լինեն»: Նովակովսկին հրաժարավեց մեկնաբանություն տալ բուլղարական թերթի հրապարակման վերաբերյալ, որում խոսուն փաստերով ապացուցվում է, որ Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել ահաբեկիչներին զենք մատակարարելու համար: Դեսպանն ասաց, որ տեղյակ է, որ բուլղարական մամուլում նման հրապարակում կա, սակայն չի կարդացել այն և չի կարող մեկնաբանել: Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: