Բաքվում արձագանքել են Ռուսաստանի ԱԳՆ-ի խիստ հայտարարությանը` կապված Ադրբեջան այցելել փորձող հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների խտրականության հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը ՌԴ ԱԳՆ-ին. Հայազգի ռուսաստանցիներն այսուհետեւ եւս խտրականության կենթարկվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական հերթական սադրանքից հետո տառացիորեն հաջորդ օրը ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել խտրականության անթույլատրելիության մասին, որոնց ենթարկվում են Ադրբեջան այցելել փորձող հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիները, հայտնում է news.am-ը:
Երեկ Ռուսաստանի ԱԳՆ կայքում ավելի ծավալուն մեկնաբանություն է հրապարակվել: Ադրբեջանական կողմի գործողությունները ռուսասանցիների նկատմամբ, որոնց թվում եղել են կանայք եւ երեխաներ, Ռուսաստանի ԱԳՆ-ում գնահատել են որպես ծաղր, վայրագություն եւ ՌԴ քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում:
«Միջադեպերի պարզաբանում չի կատարվել: Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում նշված է, որ «ոչ ցանկալի էքցեսերի կանխման նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ համապատասխան կարգավորումներ կիրառել»: Այս պատասխանն անհասկանալի եւ չգոհացնող ենք համարում: Այն, ցավոք, ցույց է տալիս, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի նման վտանգվում են կամայականության զոհ դառնալուն:
Շարունակում ենք պահանջել վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում, որն անհամատեղելի է 2 երկրների բարեկամական հարաբերությունների հետ: Բնականաբար, ստեղծված իրավիճակից եզրակացություններ կկատարենք»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:
Մեկնաբանելով արտասահմանյան պետության քաղաքացիների` կանանց եւ երեխաների նկատմամբ այս տգեղ վերաբերմունքը` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը իրեն նեղություն չի տվել գոնե ընդունելու գործողությունների սխալ լինելը: Դրա փոխարեն ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կապված են «երկիր այցելելու որոշ սահմանափակումների հետ` նկատի ունենալով, որ որոշ անձինք էթնիկ հիմքով սադրիչ գործունեություն են իրականացնում»: Ակնհայտ է, որ Հաջիեւը «սադրիչներ» ասելով նկատի է ունեցել կանանց եւ մանկահասակ երեխաներին:
Այնուհետեւ պաշտոնյան, վկայակոչում է Հայաստանի «ռազմական ագրեսիան» եւ մեղադրում այն բանում, որ «Հայաստանը մոնոպետություն» է: Հայաստանն ինչ կապ ունի Բաքվի օդանավակայանի կարգի հետ` այնքան էլ պարզ չէ, ինչպես նաեւ այն, թե Հայաստանի էթնիկ կազմը ինչ կապ ունի Ադրբեջանում պաշտոնեական ամենաթողության հետ: