Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում երեկ՝ հուլիսի 16-ին, «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությամբ տեղի է ունեցել «Մեծ կինոն` փոքր գյուղում» խորագրով ֆիլմերի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
«Մեծ կինոն` փոքր գյուղում». Խաչմաչում ավարտվեց հեղինակային ֆիլմերի առաջին ցուցադրությունը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եռօրյա կինոցուցադրության ընթացքում ներկայացվել են անվանի կինոռեժիսոր, արմատներով Խաչմաչից, Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ», «Ընդհատված մանկություն» և «Վերջին բնակիչը» ֆիլմերը:
Փառատոնի փակմանը ներկա է գտնվել նաև հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն, ով կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը հատկապես հանրապետության շրջաններում, որտեղ մշակութային կյանքի աշխուժացման խնդիր կա: Վարչապետը բարձր է գնահատել կինոռեժիսորի նախաձեռնությունը և այն միջազգային նախագծի վերածելու ուղղությամբ կատարվող ջանքերը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:
Իսկ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունից ստացած իր տպավորությունների մասին կինոցուցադրությանը ներկա գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ասել է, որ ֆիլմը նոր խոսք է Արցախի հակամարտության և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների անցյալի ու ապագայի հարաբերությունների մասին:
«Գյուղում հեղինակային ֆիլմերի ցուցադրությունը շատ հետաքրքիր գաղափար է: Այս կինոյի մասին խոսելու են դեռ ապագայում»,- մասնավորապես նշել է Բ. Բեգլարյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը խոսելով իր տպավորությունների մասին ասել է, որ շատ է կարևորում նախաձեռնությունը:
«Խաչմաչում, առավել ևս կարևոր է Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի ցուցադրությունը, հաշվի առնելով, որ նկարահանումներն իրականացվել են հենց այստեղ: Մենք այսօր պայքարի մեջ ենք և պետք է գիտակցենք, որ ֆիլմերով ևս կարող ենք ներկայացնել մեր պատմությունը»,- ասել է Ռուսլան Իսրայելյանը:
Խաչմաչ համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանն էլ ասել է,
որ ողջունելի է նման նախաձեռնության իրականացնումն իրենց համայնքում:
««Մեծ կինոն` փոքր գյուղում» խորագիրն ինքնին շատ խոսուն և հետաքրքիր է:
Այս օրերին մեծ տպավորություն ենք ստացել՝ դիտելով մեր համագյուղացու նկարահանած ֆիլմերը»,- ասել է համայնքի ղեկավարը:
Խաչմաչ գյուղի բնակչուհի Էլադա Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել է, որ այս օրերին գյուղը նոր կյանք էր ստացել:
«Մեր առօրյան, կարծես թե, փոխվել էր:
Կարծում եմ՝ շատ հետաքրքիր միջոցառում էր:
Իսկ Ջիվան Ավետիսյանի ֆիլմերն առաջին հերթին պատմում են մեր պատմության և մենք առանց մեր անցյալի ապագա չենք ունենա»,- ասել է մեր զրուցակիցը:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ԱԺ պատգամավորներ և հյուրեր: