Գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի մահվան 17-րդ տարելիցի կապակցությամբ նրա հիշատակին Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքում գտնվող շիրիմի մոտ հարգանքի տուրք է մատուցվել:
Հարգանքի տուրք՝ Անատոլի Զինևիչի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ковровскиевести.рф-ի փոխանցմամբ՝ ինչպես նշել է Կովրով քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը, Զինևիչի զինակից, պահեստազորի սպա Սերգեյ Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ գեներալի դստեր ուղեկցությամբ մեծ զինվորականի պանթեոն են այցելել ՀՀ Պաշտպանության նախարարության, ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնյաներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ ու պահեստազորի հայ և ռուս մի խումբ սպաներ:
Վ. Գրիգորյանի խոսքով՝ պատվիրակության անդամները ծաղիկներ են խորնարհել գեներալի շիրիմին, հնչել են երախտիքի խոսքեր Հայկական Զինված ուժերի կայացման գործում նրա ունեցած մեծ ավանդի մասին:
Նշենք, որ Անատոլի Զինևիչը ծնվել է 1932 թ. Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում։ 1953 թվականին ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի ղեկավար կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1975-1976թթ. իբրև ռազմական խորհրդատու ծառայել է Սոմալիում և Եթովպիայում։ Հինգ տարի կռվել է Աֆղանստանում, 1983-1986 թթ. Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետն էր։ 1992-ի հունիսից մինչև 1997-ի մայիս գեներալ Զինևիչը ծառայել է Արցախում, նախ որպես պաշտպանության նախարարի խորհրդական, շտաբի պետի տեղակալ, իսկ 1994-իցՙ ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ։ 1997-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1995-ին պարգևատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Հայ ազգի նվիրյալ Անատոլի Զինևիչի աճյունը հանգչում է Ռուսաստանում, Կովրով քաղաքում, թեև գեներալը սիրում էր ասել, որ Վազգենը Եռաբլուրում նրան մի լավ տեղ է հատկացրել։
Անատոլի Զինեվիչի հիշատակին Ստեփանակերտի փողոցներից մեկը կրում է նրա անունը, որտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին։