Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ ներգաղթյալների համար կապահովի անհրաժեշտ ջրային և կենցաղային պայմաններ, ինչպես նաև կբացի երկու ընդունող կենտրոն՝ Կալեի նավահանգստից ոչ հեռու։
Ֆրանսիան կվերաբացի միգրանտներին ընդունող Կալեի կենտրոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գազետա.ռու»-ն գրում է, որ Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը և Կալե շրջանի վարչակազմը պետք է հարյուրավոր փախստականների ապահովեն խմելու ջրով և անձնական հիգիենայի համար անհրաժեշտ պայմաններով։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է մեկ տարի անց այն բանից հետո, երբ Կալեի «Ջունգլի» ժամանակավոր ճամբարը, որտեղ ապրում էին հազարավոր միգրանտներ, ավիրվել էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանի այս որոշումը «անհաջողություն է տեղական իշխանությունների համար, որոնք հավատարիմ էին այն քաղաքականությանը, որ կանխվի նավահանգստում նոր բնակավայրերի ստեղծումը»։
Այն ժամանակ, երբ Մակրոնը կոչ արեց, որ միգրանտներին արժանապատվորեն վերաբերվեն, նրա սեփական կառավարությունը ծանր դիրք զբաղեցրեց, հրաժարվելով բացել փախստականներին ընդունող կենտրոն։ Նրանք հայտարարում էին, որ դա «մագնիս» կդառնա մյուս միգրանտների համար։