Լեռնային Ղարաբաղում քրեակատորաղական հիմնարկում իրենց պատիժը կրող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւն իրենց ազգականների հետ տեսահղորդակցության հնարավորություն ունեն։
Ստեփանակերտ․ Ադրբեջանի քաղաքացիներ Ասկերովն ու Գուլիեւն իրենց ազգականների հետ տեսահաղորդակցության հնարավորություն ունեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ԱՀ վարչապետ մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ ՄԻԵԴ-ը սկսել է կոմունիկացիա՝ Ասկերովի ու Գուլիեւի կանանց՝ Ֆիրուզա Ասկերովայի ու Ալբինա Վեյսալովայի հայցով։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ելնելով գործած հանցանքի ծանրությունից, օրենսդրությանը համապատասխան՝ նրանց պահում են փակ ռեժիմի ՔԿՀ-ում։ «Նրանք ամեն օր զբոսնելու հնարավորություն ունեն։ Նրանց սննդի ու առողջության հետ կապված որեւէ հարց չկա։ Առողջական խնդիրների առաջացման դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետներ»,- նշել է Բեգլարյանը։ Նա նաեւ շեշտել է, որ ԱՀ երկու քաղաքացիները ԿԽՄԿ միջոցով փոխանակում են ուղերձներ ազգականների հետ, նաեւ տեսահաղորդակցության հնարավորություն ունեն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել: