Ստամբուլում գյուլենականների դեմ ուղված հետախուզական գործողությունների շրջանակներում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
Թուրքիայում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական ntv.com.tr-ն: Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետախուզական գործողությունները հիմնականում ուղղված են եղել մեդիա- դաշտում գործող գյուլենականների դեմ և 35 լրագրողների բջջային հեռախոսներում հայտնաբերվել է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող bylock բջջային հավելվածը: Ներկայումս հետախուզական գործողությունները շարունակվում են, վերոնշյալ 35 լրագրողի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել: Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում: 74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են: Պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի՝ Էրդողանը Գյուլենին մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: