ԱՀ առողջապահության նախարարության հրավերով օգոստոսի 10-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է այցելել անոթաբան Արա Ուղուրլեանը (Ուղուրլույանը):
Ավստրիահայ հայտնի անոթաբանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Ուղուրլեանը նշել է, որ այցի առաջին օրը պետք է հետազոտեն հիվանդներին, իսկ մինչև օգոստոսի 13-ը անհրաժեշտության դեպքում կատարեն վիրահատություններ: Նշենք, որ բուժօգնությունը լինելու է անվճար և նախատեսվում է 10-12 վիրահատություն:
Ա. Ուղուրլեանն ավելացրեց, որ անոթային հիվանդությունների դեպքում լրիվ բուժում չի կատարվում, քանի որ հիմնական խնդիրներն առաջանում են ծխելուց և շաքարային հիվանդություններից: Նշենք, որ Արա Ուղուրլեանը աշխատում է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի անոթաբան և վիրաբույժ Դավիթ Խաչատրյանի հետ: Վերջինս իր խոսքում նշեց, որ հիվանդներին հավաքագրել են նախօրոք և ընտրել այնպիսիններին, որոնք ունեն միայն զարկերակային ախտանիշ, քանի որ նրանց պետք է ցուցաբերվի բարձր տեխնոլոգիական միջամտություն: «Այդ նպատակով պարոն Ուղուրլեանը իր հետ բերել է մի շարք սարքավորումներ, որոնք մեզ մոտ բացակայում են»,- նշել է Դ. Խաչատրյանը:
Նշենք, որ Արա Ուղուրլեանը ծնվել է Թուրքիայում, սակայն բնակվում և աշխատում է Ավստրիայում, որտեղ նա լավագույն մասնագետի համբավ ունի: