Օգոստոսի 11-ին Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում ավարտվել է «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության կազմակերպած ամառային դպրոց-ճամբարը:
Ավարտվել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառան փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Խորհրդարանի փոխխոսակ Վահրամ Բալայանը, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանը և Գիշիի միջնակարգ դպրոցի տնօրեն Արկադի Ավանեսյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության ղեկավար Անուշ Եդիգարյանը նշեց, որ օգոստոսի մեկին մեկնարկած ճամբարի հիմնական առանձնահատկությունն է գիտելիք փոխանցել երեխաներին՝ հիմնական շեշտը դնելով այն գիտությունների վրա, որոնք առաջնային կարևորություն ունեն:
«Ամեն օր մեկ ժամ տևողությամբ երեխաներին դասավանդվում էր մաթեմատիկա, ֆիզիկա, ազգագրություն, հայոց պատմություն, սպորտ, պար և հոգեբանություն: Ընթացքում երեխաները հանդիպումներ են ունեցել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետի և հումորիստ Սերգեյ Սարգսյանի հետ»,- ասել է Ա. Եդիգարյանը և ավելացրել, որ բոլոր դասընթավարները, բացի պարի ուսուցչից եկել էին ՀՀ-ից:
Ճամբարի մասնակից 11-ամյա Լենա Սահակյանը սովորում է Գիշիի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում:
Նա նշեց, որ անցած տարի մասնակցել է Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF)-ի Գիշիում կազմակերպած ճամբարին. ուստի ցանկություն է առաջացել կրկին մասնակցել: Լենայի խոսքով դասերը անցնում էին հետաքրքիր: Օրինակ՝ ֆիզիկայի ժամերին սովորում էին ինչպես մեքենա պատրաստել շարժիչով:
Ջոկատավար-կամավորական 16-ամյա Տաթևիկ Շամամյանը ևս սովորում է Գիշիի միջնակարգ դպրոցում՝ 11-րդ դասարանում: Նա ասաց, որ առաջին անգամ է աշխատում կամավորության սկզբունքով: «Ամեն խմբում ջոկատավարներն ունեին 16 աշակերտ: Փորձել ենք հնարավորինս արդարացնել կազմակերպիչների սպասումները ու կարծում եմ հաջողվել է»,- ասել է Տաթևիկը:
Նշենք, որ ճամբարին մասնակցել են 10-16 տարեկան 125 երեխաներ՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի, Խնուշինակ գյուղերից, Մարտունի, Շուշի քաղաքներից և մայրաքաղաքից: