Թուրքիան տեղեկություն ստանալով, որ գյուլենական գործիչ Ադիլ Օքսուզը գտնվում է Գերմանիայում, օգոստոսի 16-ին նոտա է ուղղել Գերմանիային:
Թուրքիան Գերմանիայից պահանջել է գյուլենական Ադիլ Օքսուզին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Թուրքիան նոտայով Գերմանիային խնդրել է ստուգել Օքսուզի՝ Գերմանիայում գտնվելու վերաբերյալ լուրերի ճշտությունը, և եթե նա իսկապես այդ երկրում է ձերբակալել, արտահանձնել Թուրքիային: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Գերմանիային ուղղված նոտային: «Գյուլենական Օքսուզի՝ Գերմանիայում գտնվելու վերաբերյալ սկսեցին տեղեկություններ ի հայտ գալ. մենք էլ, որպես արտգործնախարարություն, պաշտոնապես դիմեցինք Գերմանիային և խնդրեցինք Օքսուզի՝ Գերմանիայում լինելու պարագայում նրան ձերբակալել և ուղարկել Թուրքիա»,- ասել է Չավուշօղլուն: Նախորդ շաբաթ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը հայտնել էր,որ Ադիլ Օքսուզին տեսել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ և Ուլմ քաղաքներում: Նշվում էր նաև, թե, իբր, Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգում Օքսուզին ժամանակավոր ապաստան է տրվել: Որոշ ժամանակ առաջ գերմանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մոտ 4 հազար գյուլենական Թուրքիայից մեկնել են Գերմանիա: Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում: 74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են: Պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի՝ Էրդողանը Գյուլենին մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: