Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված «Արցախի ձայներ» երաժշտական խումբը «Ես եմ» վերնագրով նոր տեսահոլովակ է նկարահանել:
«Արցախի ձայներ» երաժշտական խումբը նոր տեսահոլովակ ունի (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասել է, որ տեսահոլովակը նկարահանվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
««Արցախի ձայներ» երաժշտական խումբը շատ երգեր ունի, որոնք դեռևս տեսահոլովակների չեն վերածվել: Եվ քանի որ մեր աշխատանքը թիմային է և գաղափարները՝ շատ, փորձում էինք ընտրել լավագույն կատարումը. արդյունքում ընտրեցինք «Ես եմ» երգը: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Երևանում և տևել են 2 օր»,-տեղեկացրել է Լ. Քոչարյանը:
Նա հավելել է, որ խումբն առաջիկայում ևս մեկ նոր տեսահոլովակ էլ է ներկայացնելու. նրա նկարահանման աշխատանքներն արդեն ավարտված են:
Լ. Քոչարյանն խոսել է նաև իրենց առաջիկա ծրագրերի մասին:
«Այժմ մեր թիմը գտնվում է Սոչիում, որտեղ պետք է կայանա «Նոր ալիք» երաժշտական միջազգային մրցույթը. Հայաստանից մրցույթի պատվիրակները 2-ն են, որոնցից մեկը մեր համույթի անդամ Էռնան է: Այս մրցույթից հետո պատրաստվելու ենք «Մանկական եվրոտեսիլ 2017»-ին»,-նշել է խմբի պրոդյուսերը: