Ստամբուլի Իշխանաց կղզիների վերակառուցման նոր պլանը Թուրքիայում բողոքի ալիք է առաջ բերել, հայտնում է Վատիկանի Ռադիոն։
Թուրքիայում հայկական ու հրեական համայնքները պայքարում են Իշխանաց կղզիների պահպանման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախագծի շինարարությունը կանդրադառնա լողափերին, անտառներին, նախկինում պետության կողմից պահպանվող շինություններին։ Բնապահպան ակտիվիստներից բացի, բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ քրիստոնյա եւ հրեական համայնքները։
Հայ քրիստոնյաները, ուղղափառ հույները, կաթոլիկներն ու սեֆարդյան հրեաները այս կղզիներում այնքան խիտ են բնակեցված, ինչպես Թուրքիայում ոչ մի այլ տեղ։ Կղզիների մոտ 14 հազար բնակիչներից ավելի քան 50 հազարին կորցնելու դեպքում կղզիները կկորցնեն Օսմանյան Թուրքիայի հնագույն բազմակրոն եւ մշակութային օջախ լինելու բնույթը։
Պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակը կորցնելը սպառնում է պատմական եկեղեցիներին, վանքերին, սինագոգներին։ Միաժամանակ նախատեսվում է գեղանկար փայտյա տները օտարել սեփականատերերից, որոնք հիմնականում պատկանում են հայերին եւ հրեաներին։ Դրանց տեղերում պետք է բազմահարկ բնակելի թաղամասեր կառուցվեն։
Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որը կղզիներից մեկում է ապրում, միացել է բողոքի ցույցերին։ «Գեղեցիկ հին Ստամբուլի մասին երազանքի կղզին վերածվում է դժոխային առեւտրի, շրջակա միջավայրի կործանման եւ պրիմիտիվության»,– News.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։