ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը հանգամանալից քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան միջակառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։ Ամերիկյան կողմը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատել են ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։