ԵԱՀԿ «Մարդկային զարգացում 2017» համաժողովի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված են մի շարք երկրներում մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստեր:
ԱՄՆ-ն պահանջում է ազատել Ադրբեջանի քաղբանտարկյալներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ contact.az-ը հաղորդում է, որ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է. «Մենք ողջունում ենք անցյալ շաբաթ Ադրբեջանում վերջին անկախ գործակալության՝«Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիեւի ազատ արձակումը: Մենք նաեւ ողջունում ենք ընդդիմադիր Նաթիք Ջաֆարլիից մեղադրանքները հանելու եւ «Ազադլըք»թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիք Ամիրլիին ազատելու ադրբեջանական իշխանությունների որոշումը:
Մենք կոչ ենք անում իշխանություններին Մեհման Ալիեւից հանել մյուս մեղադրանքները եւ վերացնել երկրից նրա եւ հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովայի եւ փաստաբան Ինթիգամ Ալիեւի հեռանալուն ուղղված սահմանափակումները:
Ավելի քան 145 մարդ համարվում է քաղբանտարկյալ, այդ թվում «Ռեալ» շարժման ղեկավար Իլգար Մամեդովը: Նա բանտարկված է՝ չնայած նրա օգտին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը: Բոլորը պետք է ազատ արձակվեն առանց որեւէ պայմանի », - ասված է հայտարարության մեջ: