Միգրացիոն ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների վրա։
Եվրախորհրդարանի ղեկավար. Միգրացիոն ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իտալական Il Messaggero թերթում լույս տեսած հոդվածում նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, հայտնում է news.am-ը։
«Այս ընտրությունների արդյունքի վրա շատ է ազդել միգրացիայի ֆենոմենը։ Սակայն արդյունքները հաստատում են, որ Անգելա Մերկելը Գերմանիայի համար կայունության գործոն է մնում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ պոպուլիստները թեպետ եւ երկնիշ թիվ են հավաքել, ամեն դեպքում չեն հաղթել ընտրություններում։ Տայանին նաեւ նշել է, որ հիմա Գերմանիայում հնարավոր է նոր խոշոր կոալիցիայի ձեւավորումը, օրինակ՝ Ազատ դեմոկրատական կուսակցության եւ կանաչների հետ։
Նշենք, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը հավաքել է ձայների 33 տոկոսը եւ Բունդեսթագում կունենա 246 մանդատ (նախկինում՝ 311)։ Սա 1949 թվականից հետո ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վատագույն ցուցանիշն է։ Մարտին Շուլցի «Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է մոտ 20 տոկոս եւ կունենա 153 մանդատ։ Խորհրդարանում 3-րդ ուժը «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունն է՝13.5 տոկոս։ Խորհրդարանում նրանք կունենան 94 մանդատ։
Նշենք, որ 1945 թվականից հետո առաջին անգամ ազգայնական կուսակցությունը ներկայացված կլինի Գերմանիայի Բունդեսթագում։ Կուսակցության ընտրական ցուցակի առաջատար Ալեքսանդր Գաուլանդն արդեն հայտարարել է, որ իրենք խոստանում են երկիրը վերադարձնել գերմանացիներին եւ որ Անգելա Մերկելի համար հիմա, իրոք, «ցուրտ» է լինելու։
Հատկանշական է, որ Արեւելյան Գերմանիայի հատվածում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ձայների հաշվարկով առաջատար է եղել՝ երկրի այդ հատվածներում հավաքելով առավելագույն 27 տոկոս։ Անցած ընտրություններում կրած անհաջողությունից հետո խորհրդարան վերադարձած Ազատ դեմոկրատական կուսակցությունը կունենա 80 մանդատ: «Ձախերի» խմբակցությունը համալրել է իր շարքերը նոր անդամներով եւ կունենա 69 մանդատ (նախկինում 64), «Կանաչների» խմբակցությունը՝ 67 մանդատ (նախկինում՝ 63):