Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում կայացած «Արցախը հանուն խաղաղության, ճանաչում հանուն խաղաղության» կարգախոսով և «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային երիտասարդական 2-րդ գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ:
Միջազգային երիտասարդական 2-րդ գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մենք` «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի մասնակիցներս,
հավատարիմ մնալով մեր որդեգրած ուղղությանը և վերահաստատելով 2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կայացած «Արցախի 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի ժամանակ հնչեցված հայտարարությունը,
առաջնորդվելով`
• տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայուն անվտանգության ապահովման գերակա նպատակներով,
• աշխարհի բոլոր ժողովուրդների և ազգերի միջև խաղաղ ու ստեղծագործ համագոյակցության հրամայականով,
• ժողովուրդների՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անբեկանելի իրավունքի նկատմամբ անխախտ հավատով`
ընդունում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը նպաստելու է`
• մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առավել համալիր և արդյունավետ կառուցակարգերի ձևավորմանն ու զարգացմանը,
• մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային կառուցակարգերի ապահովմանը,
• Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորված ապահովմանը,
• Արցախի Հանրապետության քաղաքացիների լիարժեք ինքնադրսևորման ապահովմանը:
Կոչ ենք անում`
• Միջազգային հանրությանը, այդ թվում` ԵԱՀԿ համանախագահող երկրներին՝ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ,
• Ադրբեջանին` անսալ միջազգային հանրության առջև ստանձնած վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պարտականությունը և նստել բանակցային սեղանի շուրջ` Արցախի հարցի վերջնական և արդարացի կարգավորման համար,
• Հայկական կազմակերպություններին` ուղղելու իրենց ջանքերն Արցախի միջազգային ճանաչման համար»: