Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղում դպրոցական շենքի բացակայության պատճառով դասապրոցեսն անց է կացվում համայնքապետարանի շենքում:
Նոր Հայկաջուրը դպրոցական շենքի կարիք ունի. դասերը համայնքապետարանում են անցկացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նոր Հայկաջուր համայնքի դպրոցի տնօրեն Ջուլիետա Իշխանյանն ասել է, որ ունեն 31 աշակերտ: Մասնագետների խնդիրը հիմնականում լուծված է, սակայն տեխնիկական սարքավորումների կարիք ևս ունեն: «Համայնքապետարանի շենքն արդեն շատ փոքր է աշակերտներին տեղավորելու համար:
Այս տարի առաջին դասարան է հաճախել վեց աշակերտ»,- ասել է Ջ. Իշխանյանը և ավելացրել, որ ստիպված միջանցքն են օգտագործում դասերի պարապմունքների համար: Դպրոցի տնօրենի խոսքով՝ խնդիրը բազմիցս բարձրացվել է, սակայն առայսօր լուծում չի ստացել: «Տարեցտարի գյուղում ավելանում են ծնունդների թիվը:
Ունենք մեկ տասնյակից ավելի նախադպրոցական տարիքի երեխաներ: Հույս ունենք, որ երեխաների ավելացման հետ միասին կավելանա նաև գյուղում նոր դպրոցական շենքի կառուցման հավանականությունը, քանի որ մի քանի տարի հետո իսկապես առկա շենքային պայմանները ոչ մի կերպ թույլ չեն տա ապահովել բոլոր աշակերտների մասնակցությունը դասապրոցեսին»,- ասել է դպրոցի տնօրենը: