«Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում» ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ շուրջ երկու անգամ աճել է այցելուների թիվը:
«Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում» աճել է այցելուների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ի վարիչ Արամայիս Աղաբեկյանը և հավելել, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել են 13639 այցելու, այն դեպքում երբ նախորդ տարվա ամբողջ ցուցանիշը կազմել է 7965 այցելու:
«Եթե 2016թ.-ի ցածր ցուցանիշը պայմանավորված էր պատերազմական իրադարձությունների հետ, քանի որ զբոսաշրջիկների թիվը ինչպես գիտենք ընդհանուր առմամբ նվազել էր, 2015թ.-ին հակառակը մենք ունեինք Արցախ այցելած զբոսաշրջիկների մեծ հոսք: Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարվա ցուցանիշը գրեթե 1,7 տոկոսով գերազանցել է նաև 2015թ.-ի ցուցանիշը»,- ասել է «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ի վարիչը և ավելացրել, որ դեռ նոր այցելուների հոսք են սպասում, քանի որ հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական ակտիվ այցելությունը սկսվում է մայիսին և շարունակվում մինչև նոյեմբեր:
Խոսելով թանգարանում առկա նոր ցուցանմուշների մասին՝ Ա. Աղաբեկյանը նշել է, որ ընթացիկ տարվա պեղումների արդյունքում նոր համալրումներ են կատարվել:
««Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ը բացառիկ թանգարան-պատմամշակութային հուշարձաններից է, քանի որ ամբողջ ներկայացված ցուցանմուշները Տիգրանակերտի հնագիտական վայրից են»,- ասել է Ա. Աղաբեկյանը և հավելել, որ թանգարանի երկու սրահներում էլ ցուցանմուշները դասակարգված են ըստ ժամանակագրական կարգի:
Ա. Աղաբեկյանի նշեց նաև, որ տեղում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի այցելուները կարողանան կազմակերպել իրենց հանգիստը: