Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում իսպանացի արվեստագետ Ալբերտո Լեվի Մակեդոն ներկայացրել է BrainArt՝ տեխնոլոգիաների և արվեստի ներդաշնակ համադրումը:
Իսպանացի արվեստագետ Ալբերտո Լեվի Մակեդոն Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում ներկայացրել է BrainArt՝ տեխնոլոգիաների և արվեստի համադրումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ալբերտո Լեվի Մակեդոյի ներկայացման ընթացքում սաքսոֆոնահար Ավետ Բադալյանի կենդանի կատարումը, անցնելով BrainArt սարքի միջոցով, վերածվել է տեսողական ինստալյացիայի, որը գեներացվել է այն ինֆորմացիայից, թե ինչպես է երաժշտությունը ազդում մարդու ուղեղի վրա։
Ներկայացումից հետո Մակեդոն խոսել է արվեստի և տեխնոլոգիաների միաձուլման, ինչպես նաև իր ստեղծած այս նորարարության մասին։ «Իմ ստեղծած էլեկտրոնային սարքն այսօր՝ տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, հեշտությամբ կարելի է պատրաստել: Դա հանգստացնում է ուղեղի աշխատանքը»,- ասել է Մակեդոն և ավելացրել, որ այն, ինչ ցուցադրվել է էկրանին, այլևս չի կրկնվելու, քանի որ զգացմունքները երբեք նույնը չեն լինում:
Ալբերտո Լեվի Մակեդոն իր խոսքում ասել է նաև, որ գաղափարները զարգացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել մարքետինգի, հաղորդակցության ոլորտը և հասականալ, որ լավագույնը ստեղծարար լինելու համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն է:
«Իրականում արվեստի և տեխնոլոգիաների ընկալման պատասխանատվությունը ընկած է հենց մարդու ուղեղի վրա: Ամենակարևորը, երբ դու ինչ-որ նախագծի վրա ես աշխատում, մտածես ինչն է դժվար, ինչը հեշտ, և որն է լինելու քո նախագծի նորարարությունը»,- ասել է Մակեդոն:
Նա առանձացրել է չորս նախապայման, որն անհրաժեշտ է նոր նախագծեր իրականացնելու ժամանակ: «Ստեղծարարները նախ և առաջ պետք է լինեն «հակեր», գող», «ստեղծող» և «ուսուցիչ»: Մարդկանց միշտ էլ լինում են գաղափարներ, սակայն երբ ինչ-որ մեկը չի կարողանում այն իրականացնել, դու կարող ես առաջարկել քո նախատիպը և կյանքի կոչել»,- ասել է Մակեդոն:
Նա նաև նշել է, որ հանդիպման նպատակն էր ցույց տալ արցախցի պատանիներին այն հայտնի նախագծերը, որոնք ստեղծել են աշխարհի տարբեր երիտասարդներ, երբ նոր էին սկսել աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ալբերտո Լեվի Մակեդոն խոսել է հետագա համագործակցության մասին և ասել, որ պատրաստ է ընդունել ու քննարկել արցախցի պատանիների առաջարկները, իսկ լավագույնների դեպքում համագործակցել: