«Հայաստան» hամահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղում կառուցվում է նոր դպրոցական շենք:
Ուղտասարում նոր դպրոցական շենք է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն ասել է, որ գյուղի նախկին դպրոցն իրենից ներկայացնում է 4 սենյականոց բնակարան, որի կողքին տեղադրված է 2 մետաղյա տնակ՝ որպես դասասենյակներ: «Խնդրի լուծմանը ձեռնամուխ է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, և 2017 թվականի մարտին մեկնարկած շինարարական աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում: Դպրոցը նախատեսված է շուրջ 80 աշակերտի համար և իրենից ներկայացնում է միհարկանի շինություն»,- ասել է Վ. Ղազարյանը՝ ավելացնելով, որ այն նախատեսված է շահագործման հանձնել 2018 թվականի օգոստոսին:
Նոր դպրոցն ունենալու է նաև մեկ կիսանկուղային հարկ, սակայն հարկը օգտագործվելու է նաև դասասենյակների համար: Դպրոցի առաջին հարկում կլինեն 10 դասասենյակ, ուսուցչանոց, սանհանգույցներ՝ աշակերտների և ուսուցիչների համար: Կիսանկուղային հարկում կլինեն սպորտադահլիճ՝ իր հանդերձարաններով, աշխատանքի ուսուցման սենյակ, բուժկետ և մեկ սենյակ՝ անձնակազմի համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավարը նշել է նաև, որ ծրագրով նախատեսված է կառուցել սպորտհրապարակ, կաթսայատուն, ջրի պահեստ, հովանոց, կոյուղու հոր, ինչպես նաև կբարեկարգվի շենքի մերձակա տարածքը: