Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 8-ին այցելել է Տավուշի մարզի՝ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում գտնվող սահմանամերձ համայնքներ:
ՀՀ ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի Տավուշի սահմանամերձ համայնքների բնակչությանն Ադրբեջանի պատճառած վնասների վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ Պաշտպանը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ շրջել է գյուղի տարածքով, արձանագրել ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետքերը մանկապարտեզի պատերին: «Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Առաջիկայում հրապարակվելիք արտահերթ զեկույցում ներառելու ենք նաև քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասը, որ հաշվարկել է Տավուշի մարզպետարանը: Միջազգային հանրությունը պետք է իրական տեղեկություն ստանա այս փաստերի վերաբերյալ»,- ասել է Արման Թաթոյանը: Փաստահավաք աշխատանքից բացի՝ Արծվաբերդ, Այգեձոր ու Չինարի գյուղերում Պաշտպանը նաև բնակիչների հետ է հանդիպել, լսել նրանց խնդիրները: Այդ խնդիրների կապակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Նախորդ անգամ Տավուշի սահմանամերձ այլ գյուղեր կատարած այցից հետո լուծվել են քաղաքացիների մի շարք խնդիրներ: