Արցախյան խնդիրն առնչություն չունի ոչ կատալոնական, ոչ Ղրիմի, ոչ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: Սա լրիվ այլ խնդիր է:
Արցախի անկախությանն այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները: Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ոչ Լատվիայի, ոչ Լիտվայի, ոչ էլ Էստոնիայի անկախությունները: Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում: Նրանք ԵՄ անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, այլընտրանքային ընտրությունների առկայությունը, ՏԻՄ-երի կայացածությունը և ակտիվ քաղհասարակության առկայությունը շատ կարևոր ցուցանիշներ են առ այն, որ Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը:
«Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի հնարավորինս շատ արտասահմանցի գործընկերներ այցելեն Արցախ: Բոլոր այն գործընկերները, որ այցելել են Արցախ և հանդիպել արցախցի ժողովրդի, քաղաքական ուժերի հետ, հիացած վերադարձել են իրենց երկրներ:
Մարդիկ հասկացել են, որ Արցախում կա 150 հազար ազատության մարտիկ: Մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թե Ադրբեջանի դեմ է, այլ հանուն ազատության և անկախության: Մենք բոլորս մի բռունցք ենք, և Արցախի հարցն այն հարցն է, որտեղ ՀՀ ազգային ժողովում կուսակցական պատկանելությունն առաջնային չէ: Մեր բոլոր կուսակցական գործընկերները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, Արցախի հարցում ունեն նման դիրքորոշում: Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»,- խոսքն ամփոփեց Էդուարդ Շարմազանովը: