Շուշի քաղաքում գործող «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամում ընդունելությունը կազմակերպվում է անվճար հիմունքներով` իննամյա կրթության հիմքի վրա:
«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի արդյունքներն ու ծրագրերը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը, անդրադառնալով ուսումնարանի կրթական համակարգին, նշել է, որ իրենց կրթօջախում սովորելու տևողությունը երեք տարի է. այն բաժանվում է երկու և մեկ տարիների:
«Մենք այդ կերպ փորձում ենք ստեղծել ճկուն համակարգ: Ուսումնական պրոցեսում գլխավոր գործընկերները գործատուներն են: Մեզ մոտ երկակի համակարգով է ուսուցումը, աշկերտային համակարգ է, այսինքն` մեկ շաբաթում մեզ մոտ սովորում են և հանրակրթական և մասնագիտական առարկաներ, երկու շաբաթ էլ շինարարական ընկերություններում են աշխատում: Նրանք վարձատրվում են նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով`աշկերտային ուսուցման պայմանագրի հիման վրա»,- ասել է Վ. Կարապետյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ուսումնարանում գործում է վեց մասնագիտություն` մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում, մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա, հարդարման շինարարական աշխատանքների իրականացում, շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում, ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում, փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա:
Նախատեսվում է նոր ուսումնական տարվանից սկսել միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ ավտոմատիկա, ռոբոտատեխնիկա և վերականգնվող էներգիաներ (արևային էներգիա) մասնագիտություններով, ինչպես նաև մեծահասակների վերապատրաստման ծրագրեր վերականգնվող էներգիաներ(արևային էներգիա) մասնագիտությամբ: Նոր՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով կսովորեն ուսումնարանի երկամյա դասընթացը ավարտած աշկերտները: Մանրամասները՝ տեսանյութում: