Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:
Էրդողանը Հունաստանից պահանջել է արտահանձնել թուրք զինվորականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ասուլիսի ժամանակ Էրդողանը պահանջել է Հունաստանի իշխանություններից Թուրքիային արտահանձնել այն զինվորականներին, որոնք 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից:
«Թուրքիան երկար տարիներ պայքարում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի դեմ: Մենք կարևորում ենք, որ գյուլենականները կանգնեն արդարադատության առաջ: Հարկավոր է, նրանց արտահանձնել Թուրքիային, քանի որ փորձել են հեղաշրջում իրականացնել»,-ասել է Էրդողանը:
Ի պատասխան Էրդողանի պահանջների Ցիպրասը մասնավորապես ասել է. «Քննարկման առարկա չի կարող լինել այն, որ մենք մեր դռներն ենք բացել հեղաշրջում իրականացնողների առջև: Հունաստանի դատաիրավական համակարգը նշյալ անձանց արդարացի դատելու համար ամեն ինչ անելու է»:
2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրք 8 զինվորականներ փախել էին Հունաստան: Հունաստանի վճռաբեկ դատարանը համաձայնել էր Թուրքիային արտահանձնել միայն 3-ին, իսկ 5-ի վերաբերյալ հայցը մերժվել է: