«Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում կառուցվում է մեկհարկանի բնակելի նոր շենք:
Միջնավանում կառուցվում է բնակելի նոր շենք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ասել է, որ շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են ընթացիկ տարվա օգոստոսին:
Դ. Դավթյանի խոսքով՝ կառուցված է շենքի տանիքը, տեղադրված են պատուհաններն ու դռները, ավարտված՝ արտաքին սվաղման աշխատանքները. այժմ ընթանում են ջրամատակարարման և ներքին կոյուղու ցանցերի աշխատանքները, իսկ գալիք տարում իրականացվելու են շենքի արտաքին հարդարումն ու տարածքի բարեկարգումը:
«Նախատեսված է շենքը շահագործման հանձնել 2018 թվականի գարնանը: Շենքը բաղկացած է 8 բնակարանից. այն տրամադրվելու է Միջնավան քաղաքի նորաստեղծ ընտանիքներին»,-նշել է Դ. Դավթյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ ներկայումս վերանորոգվում է նաև Միջնավանի քաղաքապետարանի շենքը, իսկ գալիք տարի կիրականացնեն նաև քաղաքի խմելու ջրի նոր ջրագծի անցկացման աշխատանքները: