Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի է ունեցել Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղը:
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացման առաջնախաղը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացումը բեմադրվել է երիտասարդ ռեժիսոր Յունոնա Մալենկոյի կողմից, ով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հրավերով Հայաստանից է տեղափոխվել Արցախ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Յունոնա Մալենկոն ասել է, որ Ստեփանակերտում չունենալով թատերական բեմ, ինքը փորձել է եղած հնարավորություններն օգտագործել այնպես, որ հանդիսատեսի համար ներկայացումը լինի հետաքրքիր և յուրօրինակ, որն էլ իրենց հաջողվել է:
«Մենք չենք փորձել շեշտադրումն անել չարի ու բարու մշտական հակամարտությունների միջև, այլ ընդգծել ենք վեհն ու գեղեցիկը՝ վառվռուն կյանքով լեցուն Սպիտակաձյունիկին հակադրելով սառը գեղեցկության տեր թագուհուն»,-ասել է Յունոնա Մալենկոն և հայտնել, որ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում ցուցադրվելու է մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ ռեժիսորը նշել է, որ իրենք 2018 թվականին նախատեսում են այլ ներկայացումներ ևս, որոնք կցուցադրվեն ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջաններում:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ պատգամավորներ, մշակութասեր հասարակություն և այլք: