ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությանը:
2018 թվականին Արցախում կգործի պալիատիվ բժշկության ծառայության կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Ալթունյանն ասել է, որ այցի շրջանակներում Արցախի գործընկերների հետ իրենք փորձով կիսվելու են բժշկության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ:
Լ. Ալթունյանը նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բժշկական փաստաթղթաշրջա-նառությունն ամբողջությամբ անցնելու է էլեկտրոնային ձևի: Այնուհետև խոսելով ԱՀ-ում և ՀՀ-ում պալիատիվ բժշկության ներդրման մասին՝ ՀՀ առողջապահության նախարարն ասել է, որ պալիատիվ խնամքը բժշկության մարդասիրական և կարևոր ուղղություն է. այն կօգնի, որ երկարատև ու ծանր հիվանդությամբ տառապող մարդկանց կյանքի վերջին էտապն անցնի համեմատաբար անցավ:
«Պալիատիվ բժշկական օգնության միջոցով հիվանդները մի կողմից ստանում են կյանքի երկարացման հնարավորություն, մյուս կողմից էլ ցավազրկում և հոգեբանական աջակցություն,-ասել է Լ. Ալթունյանը և ավելացրել,- 2018 թվականին նախատեսվում է Հայաստանում ստեղծել 10-15 պալիատիվ բժշկության ծառայության կենտրոն. այդպիսի մեկն էլ կգործի Արցախում, որն էլ կօգնի տեղում բարձրացնելու ուռուցքային և բազմակի վնասվածքներով հիվանդների կյանքի որակը»: