Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անունը կրող հանրապետական մանկական գրադարանը կտեղափոխվի Սոֆիա առևտրի սրահի առաջին հարկ:
Ստեփանակերտի մանկական գրադարանը նոր հասցե կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Նրա խոսքով՝ գրադարանի պայմանները բարելավելու նպատակով առևտրի սրահի առաջին հարկում ստեղծվել են համապատասխան բարենպաստ պայմաններ: Խոսելով Ստեփանակերտում գտնվող և Արցախի մյուս շրջանների գրադարանների պայմանների մասին՝ նախարարը նշել է, որ դրանք ևս թարմացվելու անհրաժեշտություն ունեն:
«Գրադարանը պետք է դառնա մի վայր, որտեղ հաճախողը ոչ միայն պետք է վերցնի իր ցանկացած գիրքը, այլ նաև կարողանա արդյունավետ տնօրինել ժամանակը:
Այս ուղղությամբ խորհրդակցություններ ենք ունեցել և արդեն նախանշվում են հարցի լուծման տարբերակները»,- նշել է Ս. Շահվերդյանը և ընդգծել, որ գրադարանային մշակույթն Արցախում նոր շունչ է ստանալու: