ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Քաբուլում կրկնակի ահաբեկչությունը, որի հետեւանքով ավելի քան 40 մարդ է զոհվել:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլի ահաբեկչությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գլխավոր քարտուղարի գրասենյակի գրավոր հայտարարությունը:
ՄԱԿ ղեկավարի աշխատակազմը «ցավակցել է զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին արագ ապաքինում մաղթել», «համերաշխություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին եւ կառավարությանը: ՄԱԿ-ն հավատում է, որ խաղաղ գործընթացը Աֆղանստանի կայունության ապահովման միակ ճանապարհն է», նշված է հայտարարության մեջ:
Քաբուլում պայթյունների դատապարտմամբ է հանդես եկել նաեւ ՄԱԿ ԱՆվտանգության խորհուրդը՝ ընդգծելով «ահաբեկչության կատարողներին, կազմակերպիչներին եւ հովանավորներին արդարադատությանը ներկայացնելու անհրաժեշտությունը: ԱԽ անդամները բոլոր երկրներին կոչ են արել «Աֆղանստանի կառավարության հետ ակտիվորեն համագործակցել» հարձակման հետաքննության գործում՝ միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան:
ԱԽ-ում հիշեցրել են, որ ահաբեկչությունը «միջազգային անվտանգության եւ խաղաղության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է» նաեւ հանցագործություն է՝ ինչպիսի նպատակներ էլ հետապնդելու լինի: ՄԱԿ ԱԽ-ն երկրներին կոչ է արել բոլոր միջոցներով պայքարել ահաբեկչության դեմ, ըստ որում՝ հարգելով մարդու իրավունքները:
Դեկտեմբերի 28-ին մահապարտ ահաբեկիչը Քաբուլի արեւմտյան հատվածում գտնվող լրատվական գործակալության շենքի մոտ ինքնապայթեցում է կատարել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նույն շրջանում հարձակման է ենթարկվել նաեւ մշակութային կենտրոնը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 41 մարդ, գրեթե 90-ը՝ վիրավորվել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: