ԱՊՀ նախագահությունը 2018 թվականի հունվարի մեկից Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին:
Հունվարի 1-ից Տաջիկստանը կնախագահի ԱՊՀ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը նշել է, որ Տաջիկստանի նախագահությունը ենթադրում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որն ուղղված է լինելու համագործակցության խորացմանը եւ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայեցակարգով սահմանված մոտեցումները կսատարեն եւ կիրականացվեն Համագործակցության բոլոր անդամների գործուն մասնակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնավորապես, Լեբեդեւը կարծում է, որ 2018 թվականին կստորագրվի ԱՊՀ շրջանակներում ծառայությունների ազատ առեւտրի համաձայնագիրը։
Անկախ պետությունների համագործակցությունը նախկին խորհրդային հանրապետությունների մեծամասնությանն անդամակցությամբ միջազգային միություն է։ Այն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելոռուսի ու Ուկրաինայի ղեկավարների կողմից։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին նրանց են միացել Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովիան, Տաջիկստանը, Թուքմենստանը, Ուզբեկստանը։ 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկի գագաթաժողովի ժամանակ ընդունվել է միության կանոնադրությունը։