Ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր զորակոչ նոր որակի հնարավորություններ բերի մեր զինծառայողների համար:
Մարտական հերթապահության զինվորների համար ավելի դիմացկուն եւ որակյալ համազգեստ է պետք. Արտակ Զաքարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Դիտարկմանը, թե նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ զինծառայողներն ունեցել են ոչ որակյալ կիսաճտքավոր կոշիկներ կամ ոչ որակյալ համազգեստ, փոխնախարարը պատասխանեց:
«Այո՛, ցավոք, եղել են նման դեպքեր։ Այժմ դա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է, բայց պետք է ասեմ, որ էլի զարգացնելու եւ լավացնելու տեղ ունենք», - news.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար, բնականաբար, շատ ավելի ամուր, դիմացկուն եւ շատ որակյալ համազգեստ է պետք, քան հրետանավորների կամ ՀՕՊ ծառայությունում ընդգրկված զինծառայողների համար»,-ասաց նա։
Զաքարյանն ասաց նաեւ, թե քայլեր են ձեռնարկվում, որպեսզի բացառվեն նաեւ զինծառայողներին ծնողների կողմից համազգեստ գնելու եւ զինծառայողներին ուղարկելու դեպքերը. «Դա, իհարկե, հարյուր տոկոսով հնարավոր չէ, որովհետեւ խոսքը միայն վերնազգեստի մասին չէ, ներքնազգեստի խնդիրները դեռեւս վերջնական չենք լուծել, բայց այդ ուղղությամբ համակարգային մոտեցումներ են ցուցաբերվում»։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է 2018թ. առաջին զորակոչը: