Ֆրանսիայում Արցախի օրերի շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր քաղաքների հետ բարեկամության համաձայնագրեր կնքած ֆրանսիական քաղաքներում անց են կացվում մշակութային մի շարք միջոցառումներ:
Ֆրանսիայում անց են կացվում Արցախյան օրեր. մանրամասներ Մարսելից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է այս օրերին Մարսելում գտնվող ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ Մարսել և Լե Պեն Միրաբո քաղաքները «լցված է» արցախյան մշակույթով:
«Կայացել է ֆրանսահայ իրավաբան Ժիրայր Գերգերյանի «Լեռնային Ղարաբաղ. Անջատման և ինքնորոշման միջև» գրքի շնորհանդեսն ու քննարկումը: Ինքս մասնակցել և ներկայացրել եմ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությունը, ներկա իրավիճակը, Արցախի պետական ինստիտուտների առանձնահատկությունները և տնտեսական հաջողությունները: Ներկաների կողմից եղել են հարցեր՝ ուղղված թե՛ ինձ և թե՛ Ժիրայր Գերգերյանին: Օրինակ, հանդիպմանը ներկա սենատորն ինձ հարցրեց, թե ինչ զիջումների է պատրաստ Արցախը, ես նշեցի, որ այս պահին Արցախի Հանրապետությունը բանակցությունների պաշտոնական կողմ չէ, և մեզ հակամարտության կարգավորման որևէ առաջարկ չեն ներկայացրել: Շեշտադրեցի նաև, որ, այնուամենայնիվ, Արցախի ժողովուրդը պատրաստ է վերջնական խաղաղության հասնելուն միտված բանակցությունների, սակայն պատրաստ չէ իր տարածքների ու անվտանգության հաշվին զիջումներ կատարել: Հարցեր եղան նաև Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց պետական քաղաքականության ազդեցության, Արցախի աշխարհաքաղաքական նշանակության և այլ թեմաների վերաբերյալ»,- ասել է Ա. Բեգլարյանը:
Գրքի ներկայացմանը զուգահեռ՝ կազմակերպվել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճամփորդություն դեպի Արցախ» գծանկարների շարքի, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները, որին ներկա են եղել Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ տիկին Մոնիկ Սլիսան, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լե Պեն Միրաբոյի նախկին քաղաքապետ Միշել Ամիելը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգի պատգամավորներ, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
«Արցախի օրեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև տարբեր պաշտոնական միջոցառումներ Լե Պեն Միրաբո քաղաքում, այդ թվում՝ լուսանկարների ցուցահանդես, համերգային համարներ և այլն: