2018 թվականին Արցախի առողջապահական համակարգում նախատեսվում են իրականացնել մի շարք սկրինինգային ծրագրեր:
Արցախում նախատեսվում են իրականացնել մի շարք սկրինինգային ծրագրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման բաժնի վարիչ Լուսինե Բախշիյանը:
Խոսելով իրականացվելիք ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը մանրամասնել է. «Նախատեսում ենք իրականացնել 4 սկրինինգային ծրագրեր՝ նորածինների շրջանում հիպոթիրեոզի սկրինինգ, որի նպատակը վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատումն է, լսողության սկրինինգ, որն իրականացվում է օբյեկտիվ աուդիոմետրիայի միջոցով, գերձայնային հետազոտության միջոցով իրականացվող նորածինների կոնք-ազդրային հոդի, և անհաս նորածինների տեսողության սկրինինգներ. վերջինս իրականացվում է ռետինոպաթիաների վաղ հայտնաբերման նպատակով»:
Լ. Բախշիյանը նշել է նաև, որ իրենք կարևորում են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց զարգացումը կարող է բերել հաշմանդամության:
«Աշխարհում մեծ տարածում ունեն հատկապես նորածնային սկրինինգները, որոնք ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և դրանց ժամանակին բուժմանը: Նշված ծրագրերի իրականացմամբ կարելի է կանխարգելել ծանր հետևանքները»,-ավելացրել է Լ. Բախշիյանը: