Ադրբեջանական բանակի կողմից ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցումը օգոստոսյան դեպքերի արձագանքն է:
Քաղաքագետ. Հայկական կողմերի արձագանքը միշտ էլ բավական կոշտ է լինում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ զինադադարի ռեժիմի խախտումը պատահական չէ: «Սրանում ռացիոնալ կարիք կա. ադրբեջանցիներին դա պետք է: Նրանք իրենք տարածքներ կորցրած են զգում, բնակչությունը դրանից հիասթափված է, եւ նրանց ասում են՝ եկեք բանակցություններ վարենք»,- նշել է Իսկանդարյանը:
Հայկական կողմերի արձագանքը, ընդգծել է քաղաքագետը, մշտապես լինում է բավական կոշտ: «Միշտ էլ զոհվածների ընդհանուր թիվը ադրբեջանական կողմի օգտին չի լինում», - նկատել է Իսկանդարյանը: Բայց եթե հայկական կողմերի արձագանքը, հավելել է նա, լինի զուտ ռազմական բնույթի, ապա արդյունքի չի հանգեցնի: «Արձագանքը չպետք է լինի նաեւ զուտ դիվանագիտական»,- միաժամանակ կարծում է քաղաքագետը:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական բանակի կողմից խոցվել էր ԼՂՀ ԶՈՒ Մի-24 ուղղաթիռը, որը ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Երեք օդաչուները զոհվել են: