2017 թվականից սկսված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Թալիշում մեծածավալ շինաշխատանքներ են իրականացվում:
Մինչև սեպտեմբեր թալիշցիները կարող են վերադառնալ իրենց բնակավայր. Կարեն Շահրամանյան (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նախարարը նշել է, որ թալիշցիների մի մասը, ովքեր ժամանակին տեղափոխվել էին ՀՀ, ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ:
«Նրանց համար Ալաշան բնակավայրում տեղադրվել է ևս 10 տնակ, ժամանակավոր բնակվելու համար»,-հավելել է Կ. Շահրամանյանը:
Կ. Շահրամանյանը տեղեկացրել է նաև, որ՝ Թալիշում արդեն 17 բնակելի տուն՝ համապատասխան գույքով և անհրաժեշտ սարքավորումներով պատրաստ է շահագործման, դրանցից մեկն արդեն մշտապես բնակեցված է:
«Նախատեսվում է ևս 10 տան շինաշխատանքներ, որոնցից 2-ն արդեն ընթացքի մեջ են: Ավարտել ենք համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքները, դրանց գույքը ևս պատվիրված է և մոտ ժամանակներս տեղադրվելու և շահագործման են հանձնվելու: Աշխատանքներ են տարվում մանկապարտեզի և դպրոցի շենքերի կառուցման ուղղությամբ: Մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անվտանգության խնդրին: Բնակչության համար նախատեսված է կառուցել ապաստարաններ: Համայնքի կենտրոնական փողոցի աշխատանքները ևս սկսված են: Ամբողջովին փոխվել է նաև Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցերը: Գյուղի համար առկա են հասարակական նշանակության օբյեկտները: Մինչև սեպտեմբեր թալիշցիները կարող են վերադառնալ գյուղ և մշտապես բնակություն հաստատել այնտեղ»,-տեղեկացրել է նախարարը: