Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցներում անցկացված առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, այսօր՝ հունվարի 30-ին, մեկնարկել է քաղաքային (շրջանային) փուլը։
Արցախում մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային (շրջանային) փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ասել է, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում անցկացված առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքներով անցած տարվա 535-ի աշակերտի փոխարեն՝ այս տարի 655-ն իրավունք է ստացել մասնակցելու օլիմպիադայի քաղաքային փուլին։
«Ուրախալի է, որ այս տարվա օլիմպիադայի մասնակիցների թիվն ավելացել է: Օլիմպիադային իրավունք ունեն մասնակցելու 5-12-րդ դասարանների աշակերտները. այն անց է կացվում 15 առարկաներից»,- ասել է Կ. Մարգարյանը:
Մեր զրուցակիցը գոհ է առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքներից:Նա հույս է հայտնել, որ քաղաքային փուլում ևս աշակերտները բարձր ցուցանիշներ կգրանցեն։
Հիշեցնենք, որ դպրոցական առարկայական օլիմպիադայի քաղաքային (շրջանային) փուլը տևելու է մինչև փետրվարի 16-ը ներառյալ։