Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ փետրվարի 20-ին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը. օրակարգում է Պոլսո պատրիրքության հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր աթոռից հայտնում են, որ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի կարողանան Սուրբ Հոգու առաջնորդությամբ օգտակար որոշումներ կայացնել ներկայացված հարցերի վերաբերյալ՝ նպաստելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությանը։
Օրակարգում ընդգրկված են համազգային եւ ներեկեղեցական մի շարք հարցեր: Մասնավորաբար, քննարկվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։ Քառօրյա ժողովին կներկայացվի նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունեության տեղեկագիրը: