Այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգը մեկնարկել է Շուշիի ազատագրման ռազմաօպերացիայի ժամանակ հերոսաբար զոհված տանկիստ Օլեգ Փիրումյանի կնոջ՝ երգահան Իրինա Փիրումյանի հեղինակած և Սիմոն Սարգսյանի կողմից մշակված ‹‹Վերադարձի՛ր›› երգով:
Այնուհետև հանդիսավոր միջոցառմանը Ստեփանակերտի մշակութային օջախների սաները, ինչպես նաև ՀՀ-ից ժամանած երգիչ-երգչուհիները հանդես են եկել երաժշտական կատարումներով և պարային ելույթներով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախյան շարժման մասնակիցներ, հյուրեր: