Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում:
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը: Հետևաբար, ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին»,- նշեց Բաբլոյանը:
Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկով, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ: «Խորհրդի նիստի որոշումը ձեզ հետագայում կտրամադրվի»,- եզրափակեց Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապրիլի 9-ին, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները և նոր նախագահը կստանձնի իր լիազորությունները, հրաժարական կներկայացնի նաև ՀՀ կառավարությունը:
ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: