Այսօր Արցախի պետական համալսարանում կայացել է «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի 4-րդ դասընթացը, որի կազմակերպիչներն են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն և «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը:
Ադրբեջանը հայտնվել է մեկուսացված վիճակում. Կարեն Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դասընթացը վարում են «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ Իրինա Գրիգորյանը: Դասընթացին ներկա ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի ճակատագրի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, նշեց, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով միջադեպը բացասական ազդեցություն է ունեցել, ինչը կրկին ցույց է տալիս, որ Ադրբեջանն ապակառուցողական դիրքերից է հանդես գալիս:
ԼՂՀ արտգործնախարարի խոսքով վերջին շրջանում հակամարտության գոտու երկայնքով Ադրբեջանի հրահրած իրավիճակի սրումը և լարվածության մեծացումը՝ կապված սահմանային սադրիչ միջադեպերի հետ, հայկական ուղղաթիռի խոցումը հակառակորդի կողմից այնքան էլ անսպասելի չէր: Այնուամենայնիվ, ըստ արտգործնախարարի՝ այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին, աննախադեպ էր, քանի որ 1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր նման միջադեպ չի եղել:
«Ադրբեջանն ստանալու է համաչափ պատասխան, որպեսզի հետագայում՝ նման քայլեր ձեռնարկելուց առաջ, երկար մտածի հետևանքների մասին: Սակայն մեր գլխավոր նպատակը շարունակում է մնալ օդաչուների ճակատագրերի պարզելն ու նրանց վերադարձնելը, որովհետև մենք հարցին մոտենում ենք մարդասիրական միջազգային օրենքները հարգելու տեսանկյունից: Ըստ այդ օրենքների՝ արգելվում է դիակապտություն կամ դիակների «վաճառքը», ինչի շուրջ ակտիվորեն շահարկում է Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով այդ օրենքները»,-ընդգծել է Կ. Միրզոյանը՝ շեշտելով, որ առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանը խախտում է մարդասիրական միջազգային նորմերը. մինչ այդ էլ եղել են նախադեպեր, երբ այնտեղ հայ գերիները կամ սպանվել են կամ էլ գերությունից վերադառնալուց հետո են մահացել, քանի որ ադրբեջանական բանտերում նրանք կտտանքների են ենթարկվել:
«Ակնառու է, որ այս ամենի հետևանքով Ադրբեջանը մեկուսացած վիճակում է հայտնվել»,-ամփոփել է արտգործնախարար Կ. Միրզոյանը: