Ավելի քան 5000 մարդ հեռացել է Սիրիայի Աֆրինից, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ավելի քան 5000 մարդ հեռացել է Աֆրինից. ՄԱԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Աֆրինից ավելի քան 5 հազար մարդ հեռացել է: Սակայն, ինչպես հասկանում ենք, տեղական իշխանությունները շարունակում են շրջանի ելքը արգելափակել», - news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դյուժարիկը:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ը «տեղական իշխանությունների հետ ուղղակի կապ չունի»:
«Չափազանց կարեւոր է, որ մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել եւ իրենց կամքով հեռանան ցանկացած շրջանից», - ասել է նա:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին Սիրիայի Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ հայտարարեց «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբը: Թուրքիայի հետ միաժամանակ գործում են «Սիրիական ազատ բանակի» զինյալները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: