«Հայաստան» համահայկական հիմնադրամի խորքային հորերի հորատման ծրագրով արդեն սկսված են 4 հորի փորման աշխատանքները:
Արցախում սկսված է խորքային հորերի հորատումը. գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի միջոցներով նախատեսվում է 37 խորքային հորերի հորատում:
Արդյունքում նախատեսվում է լրացուցիչ շուրջ 900 հա տարածք դարձնել ոռոգելի. դրանից, նախնական տվյալներով, օգտվելու է 850 ընտանիք:
«Ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք սակավաջուր են, և մակերևույթային ջրերը հասանելի չեն: Ընդհանուր առմամբ՝ մեր մակերևույթային ջրերով տեսականորեն հնարավոր է ոռոգել 16 հազար հա գյուղատնտեսական նշանակության տարածք՝ հիմնականում վարելահողեր և այգիներ: Սակայն 16 հազար հա-ը խիստ հարաբերական է: Այն պայմանավորված է տվյալ տարվա մեջ հանրապետությունում տեղումների քանակով և գետերում ու ջրամբարներում ջրի պաշարով: Հետևաբար, մակերևութային ջրերը հեռահար ծրագրերի և, մանավանդ, ջրամբարներից հեռու տարածքների համար փոքր-ինչ ռիսկային են: Խորքային հորերի մասով պաշարներն ավելի կայուն են և ծրագրերի համար ավելի կանխատեսելի»,- մանրամասնել է Ժ. Միրզոյանը:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ 37 խորքային հորերը հիմնականում նախատեսած են Մարտունու շրջանում, որտեղ մակերևույթային ջրեր գրեթե չկան կամ չափազանց քիչ են, Ասկերանի շրջանի այն հատվածներում, որտեղ հասանելի չեն շրջանի տարածքով հոսող հիմանական գետերի՝ Կարկառի և Խաչենի ջրերը, ինչպես նաև մեկը՝ Հադրութի շրջանում:
«Փորձել ենք հանրապետությունում այս կերպ պահպանել գյուղատնտեսության մեջ աշխուժության համաչափությունը: Ունենալով խորքային հորեր՝ մենք ակնկալում ենք բերքատվության մոտ 2 անգամ բարձրացում: Նշված հողատարածքներում ջրի պաշարների բավարարման դեպքում՝ կշարունակենք ընդլայնել ոռոգովի տարածքները»,- ընդգծել է գյուղնախարարը: