«Մայրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մարտունի և Ասկերան քաղաքներում կազմակերպվել են հավաք-միջոցառումներ:
«Մայրություն» ՀԿ անդամներն այցելել են Մարտունի և Ասկերան քաղաքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը:
Նա ներկաներին շնորհավորել է Արցախյան շարԺման 30-ամյակի կապակցությամբ:
Հ. Միքայելյանն իր խոսքում նշել է, որ հայ ժողովրդը միշտ էլ եղել է միասնական և 30 տարիների ընթացքում, ազգովի պայքարելով, կերտել է հաղթանակներ:
Միջոցառմանը նա ներկայացրել է մի շարք խնդիրներ՝ կապված աշխատանքի, առողջության, սոցիալական բնագավառի, ընտանեկան ավանդույթների պահպանման, բանակում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների դաստիարակության մասին:
Հավաքին մասնակից ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական, մշակութային և երեխաների իրավունքների գծով մասնագետ Մարինա Սիմոնյանը և նույն կառույցի փակ հիմնարկներում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հարցերով մասնագետ Բորիկ Աթայանը մասնակիցներին հակիրճ ներկայացրել են իրենց գործունեության հիմնադրույթները և խոստացել հնարավորինս բնակչությանն աջակցել մասնագիտական խորհուրդներով և ընթացքավորել ստացված դիմումները։
Մ. Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրենց կարող են դիմել բոլոր այն քաղաքացիները, ում սահմանադրությամբ ամրագրված իրավունքները խախտվել են։ Նա իրազեկել է նաև, որ տարվա կտրվածքով ստանում են հարյուրավոր տարաբնույթ բողոք-դիմումներ:
Բորիկ Աթայանի խոսքով էլ կա մի խոցելի փակ հիմնարկ, այն երեխաների գիշերօթիկ հաստատությունն է, որտեղ նրանք լինում են պարբերաբար և կատարում բացահայտումներ։ Իրենք ամեն կերպ փորձում են աջակցել, որ այդ հիմնարկի երեխաներն ինտեգրվեն հասարակությանը և դառնան լիարժեք քաղաքացիներ։ Նրանք փորձում են, որ փակ հիմնարկի երեխաները սահմանափակումներ չունենան և կարողանան նորմալ կրթություն ստանալ։
Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը ներկաներին իրազեկել է, որ իրենց ջանքերով ու բարերարի աջակցությամբ 21 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերվել շրջանի բազմազավակ ընտանիքներին, և կոչ է արել հնարավորության սահմաններում աջակից լինել նյութական և բարոյական կարիք ունեցող բազմազավակ ընտանիքներին։
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը կարևորել է նման հանդիպումների անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ քննարկումները կրելու են կառուցողական բնույթ։
Միջոցառման ավարտին հավաքի նախաձեռնողներին ընդունել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Նրա կողմից կարևորվել են բնակչության հետ տարվող ամենօրյա աշխատանքները, կենդանի շփումները, հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ համախմբվելն ու հնարավորինս սեղմ ժամկետում լուծումներ գտնելը։ Վարչակազմի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հասարակական նշանակության նմանատիպ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը։
Մարտունու և Ասկերանի հավաք-միջոցառումներին ներկա էին Արցախյան շարժման կին առաջամարտիկներ, բազմազավակ մայրեր, հասարակայնության տարբեր խավի ներկայացուցիչներ: